-
379 ԳԱՐԵՋՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
379-ը գարեջրագործական ընկերություն է, որը մասնագիտացած է հետևյալ ուղղություններով՝ գարեջրատուն-ռեստորան, շշալցված գարեջուր և գարեջրի գործարան, որտեղ արտադրվում է գարեջրի 3 տեսակ՝ Pilsner, American Wheat Ale, Weizen։ MAROG-ի և 379-ի համագործակցության հիմքում նոր բրենդի ստեղծումն էր, որը կհամախմբեր ընկերության 3 բիզնես ուղղությունները։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ՊԻՏԱԿԻ ԴԻԶԱՅՆ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԴԻԶԱՅՆ
ԴԻԶԱՅՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ԱՆՈՒՆ ԵՎ ԲՐԵՆԴԻ ԽՈՍՏՈՒՄ
ԲՐԵՆԴԻ ՀԱՐԹԱԿ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
Բրենդավորման կարևորագույն փուլը ընկերության բիզնես և մարքեթինգային նպատակների խորը վերլուծությունն էր։ Գաղափարների փոխանակման փուլում MAROG թիմն աշխատարանների շարք իրականացրեց գարեջրագործական ընկերության թիմի համար՝ հասկանալու բրենդի հիմնաքարային արժեքներն ու տեսլականը։ Բացի այդ, մեր թիմն իրականացրեց նաև առանձին ուսումնասիրություն հաճախորդների շրջանում շուկայում առկա պահանջներն ըմբռնելու և բիզնեսի ցանկալի դիրքավորումը վերլուծելու համար։
Ուսումնասիրության և աշխատարանների արդյունքում առանձնացրինք ընկերության առաջարկած հիմնական արժեքները՝ մաքրություն, յուրահատկություն, հիշողություն, ուժ, արժեքների պահպանում։ Բրենդի ռազմավարության ու հարթակի մշակումը հիմք ծառայեց բրենդի ստեղծագործական գաղափարի, անվան ու պատմության ստեղծման համար։
Բրենդավորման գաղափարն ստեղծելիս ոգեշնչվեցինք հայկական վիշապագրերից և ուրոբորոսի խորհրդապատկերից։ Հայկական վիշապները ջրի պաշտամունքի և ոռոգման հիմնական խորհրդանիշն են, որոնց մասին բազմաթիվ առասպելներ կան։ Իսկ ուրոբորոսը հնագույն խորհրդանիշ է, որն իրենից ներկայացնում է իր պոչն ուտող վիշապ կամ օձ։ Ուրոբորոսի հիմքում փուլային ինքնազարգացումն է, ինքնավերլուծությունն ու հավերժական վերադարձը։ Վիշապագրերի ու ուրոբորոսի մանրամասն ուսումնասիրության արդյունքում մարքեթինգային հաղորդակցության թիմը մշակեց նաև բրենդի ստեղծման պատմությունը, ինչն էլ դարձավ բրենդի անվան ու ինքնության հիմքը։
Ինչու՞ 379: Բրենդի անվան պատմության հիմքում դեռ Հին Հայաստանում օգտագործվող առեղծվածային գաղտնագրերն են։ Հիմք ընդունելով այն փաստը, որ բրենդը հայկական է՝ օգտագործեցինք գաղտնագրությունների մեթոդաբանությունն ու ստացանք 379 թիվը, որի հետևում թաքնված անունը բրենդի գաղտնիքն է։
Հաշվի առնելով բրենդի արժեքների համակարգն ու խոստումն՝ ստեղծվեց բրենդի պատկերանշանը, որն ուրոբորոսի տեսքով վիշապ է։ Դիզայն թիմն ընտրեց բրենդի գունապնակը՝ բաղկացած մուգ պաստելային կարմիրից, դարչնագույնից, ժանյակագույնից, ինչպես նաև բազմաթիվ երկրորդական երանգներից, ներառյալ՝ մամռականաչ, կարմրավուն դեղին, տիեզերքի կապույտ և պաստելային կապույտ, որոնք ծառայում են բրենդի հետագա հաղորդակցությանը։ Մինչդեռ մուգ պաստելային կարմիրը խորհրդանշում է անսպառ էներգիա և կիրք, դարչնագույնը վստահության ու անվտանգության խորհրդանիշն է։ Իսկ ժանյակագույնը ներդաշնակում է կարմիրի ու դարչնագույնի համադրությունը։
-
Մտքում ունենալով ընկերության երեք բիզնեսներն ու դրանց հաղորդակցության տարանջատումը՝ մշակեցինք համապարփակ ու ճկուն պատկերային ինքնություն։ Հաճախորդներին բրենդի գաղափարախոսությունն ամբողջապես փոխանցելու համար ստեղծեցինք նաև մի շարք դիզայն պարագաներ ու ձևակերպեցինք 379 բրենդի կերպարային առանձնահատկություններն ու հաղորդակցման հնչողությունը՝ հետաքրքիր շփման կետեր ստեղծելով բրենդի և հաճախորդների միջև՝ 379 Torch and Brew ռեստորանում ներկայացված խաղերի և բրենդային իրերի տեսքով։
Ընկերության համար մշակեցինք նաև 379 գարեջրի շշերի պիտակների և փաթեթավորման դիզայնը։ Արտադրվող գարեջրի 3 տեսակների հիմքում ընկերության բրենդի ինքնությունն է, ու պիտակները մշակելիս մեր հիմնական նպատակը գարեջրի համաշխարհային բրենդների սահմանած չափանիշների և որակի պահպանումն էր։